ԲՈԿ-ը եզրակացրել է, որ Հայրապետյանը գիտական անբարեխղճություն է ցուցաբերել

Նորություններ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար, գրագողության մեջ մեղադրվող Ռուբեն Հայրապետյանի շուրջ ծավալվող գործընթացները նոր ընթացք են ստացել:

Այն բանից հետո, երբ նա իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով լքեց զբաղեցրած պաշտոնը մի խումբ ուսանողներ ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով բուհի ղեկավարի պաշտոնում կրկին վերականգնել Հայրապետյանին: Ինտերնետային ստորագրահավաքին արդեն շուրջ 2000 մարդ է միացել:

«Մեր նպատակն այն է, որ բարեփոխումներ սկսած անձը շարունակի իր բարեփոխումների գործընթացը, որովհետև մենք տեսել ենք ենք այն մտքի ճկունությունը, այն տեսլականը, որ նա ունի», - «Ազատությանն» ասաց ստորագրահավաքին միացած ուսանողներից Անի Խաչատրյանը:

Հայրապետյանն իր պաշտոնավարման ընթացքում նախաձեռնեց պրոֆեսորադասախոսական նոր կազմի մրցույթ, ինչը հարուցեց մի խումբ դասախոսների բողոքը, որոնք կամ չէին հաղթահարել այն կամ ընդհանրապես չէին մասնակցել: Նրանք բուհի ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում գրագողություն էին հայտնաբերել, այդ փաստերն ուղարկել էին վարչապետին, ով Բարձրագույն որակավորման կոմիտեին (ԲՈԿ) հանձնարարել էր ուսումնասիրել Հայրապետյանի ատենախոսությունը:

Ըստ ԲՈԿ-ի եզրակացության, Հայրապետյանը այլ հեղինակներից ու աղբյուրներից առանց համապատասխան հղումների նյութեր է փոխառել։ Փոխառված տեքստում հղումների առկայության դեպքում նա նույնությամբ պահպանել է դրանք, դրանով պայմանավորված աշխատանքի գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։

«Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: Նրա գիտաժողովներից մեկի տեղեկագրում հրապարակած նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014-ին մեկ այլ հանդեսում իր հրապարակած աշխատանքներից մեկը», - նշված է ԲՈԿ-ի եզրակացության մեջ։

Հայրապետյանի վերադարձը պահանջող ուսանողները խոսելով այս պատմության մասին՝ շեշտում են, թե գիտական աշխատանքներում խնդիրների առկայությունը համատարած է:

Անի Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում անթերի ատենախոսություն գտնելը գրեթե անհնար է․ - «Եթե բացվել է այդ կծիկը, այն պետք է բացվի մինչև վերջ, և պատասխան չպետք է տա մեկ անձ այն բոլոր խնդիրների համար, որոնք գոյություն են ունեցել նախկինում»:

Տնտեսագիտականի նախկին ղեկավարը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել ուսանողներին: Իսկ երեկ նա անդրադարձել է ԲՈԿ-ի եզրակացությանը՝ գրելով․ - «Այս ամբողջը գործընթացը որևէ աղերս կունենա տրամաբանության և օրինականության հետ, եթե ստուգվեն բացարձակապես բոլոր աշխատանքները։ Ես հաստատապես պնդում եմ, որ ստուգելու արդյունքում պարզվելու է, որ իմ աշխատանքը լավագույններից է։ Խնդրում եմ ապացուցել հակառակը»:

Տնտեսագիտականում և տնտեսագիտականի շուրջ ծավալվող գործընթացների մասին իր կարծիքը հայտնեց նաև Կրթույան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսումնական պրոցեսը, ըստ նախարարի, չի խոչընդոտվի:

Իսկ ինչ վերաբերում է ուսանողների ստորագրահավաքին, նախարարն ասաց․ - «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել: Երբ որ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն Ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»:

Նախարարի հրամանագրով ՀՊՏՀ-ի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակված Դիանա Գալոյանը, ով Հայրապետյանի օրոք պրոռեկտոր էր, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին ղեկավարի նախաձեռնած բարեփոխումներից հետ չեն կանգնելու․ - «Հայրապետյանին համարում եմ իմ ընկերը, իմ թիմակիցը: Ես կարծում եմ բարեփոխումների ուղին, անկախ նրանից, ով կգա Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ուղղակի դրան այլընտրանք չկա»:

Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, Գալոյանն ասում է․ - «Ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդությունը պայքարում է իր իրավունքների համար: Ես դրան լրիվ նորմալ եմ նայում: Ես ուղղակի մի քիչ լավ չեմ հասկանում պահանջը: Եթե պահանջն այն է, որ ռեֆորմները շարունակվեն, ռեֆորմները շարունակվում են: Եթե պահանջն այն է, որ կոնկրետ անձը ռեֆորմները շարունակի, դա արդեն լիազոր մարմնի որոշելու հարցն է, և ես այդտեղ չեմ կարող ոչինչ ասել»:

Բողոքող ուսանողները նախարարին ի պատասխան հայտարարում են՝ նյութականացումը չի ուշանա։

Այլ Հրապարակումներ

Թեկնածուական ատենախոսություն

Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար: Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ՝ ըստ ...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 13, 2020

Արայիկ Հարությունյան․ Դասարանները կիսվելու են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև երեք տասնյակի հասնող աշակերտներ ունեցող դասարանները կբաժանվեն առանձին խմբերի, որպեսզի հնարավոր լինի պահպանել հ...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 13, 2020