Անձեռնմխելի Կապիտալով Հիմնադրամներ կամ Շնորհաֆոնդ

Վերլուծություններ

2017 թվականի մարտի 2-ին աշխարհի ֆինանսական, կրթական ու տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչները երկու կարևոր նորության ականատես եղան․ Snapchat հավելվածի ստեղծող Snap Inc. կազմակերպությունը տեղակայել էր իր բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

Նույն օրը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքի Սուրբ Ֆրանցիսկի դպրոցի տնօրենը նամակ է գրում դպրոցի բոլոր ծնողներին, աշակերտներին, շրջանավարտներին ու նվիրատուներին, տեղեկացնելով, որ իրենց դպրոցի ֆոնդը 2012 թվականին 15,000 ԱՄՆ դոլարի ներդրում էր արել Snap Inc. ընկերությունում: 

Արդյուքնում Սուրբ Ֆրանցիսկի դպրոցը ստանում է ավելի քան 24 միլիոն դոլար 5 տարի առաջ կատարած իր 15,000 դոլարի ներդրման դիմաց։ (Այս մասին ավելի մանրամասն այստեղ՝ https://www.theguardian.com/technology/2017/mar/03/how-us-school-turned-15000-24m-snapchat-flotation-saint-francis-high-school-in-silicon-valley)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում գրեթե բոլոր կրթական (դպրոցներ (ոչ միշտ), համալսարաններ, գրադարաններ), մշակութային (թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ), սպորտային (ակումբներ, ֆեդերացիաներ), առողջապահական (հիվանդանոցներ, լաբորատորիաներ) հաստատություններն, ինչպես նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ ունեն իրենց «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները» (endowment, endowed funds)։ 

Հայաստանյան իրականությունում նմանատիպ ֆոնդերը անվանվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ»։ Առաջարկում եմ այսուհետ այս տիպի հիմնդրամների համար կիրառել «Շնորհաֆոնդ» եզրույթը։ Ես դեռ շատ խորը չեմ հասցրել հետազոտել endowment, endowed funds եզրույթների առաջացման պատմությունը, բայց մինչ այս պահն ունեցած տեղեկության հիման վրա կարելի է ասել, որ tо endow բայը անգլերենում ուղիղ թարգմանությամբ նշանակում է «շնորհել», «նվիրել», «ընծայել», «տրամադրել» ինչ-որ բան, բայց ոչ երբեք փոքր առարկաներ, այլ հատկապես «իրավունք», «լիազորություն»։ Եզրույթի կիրառումն այս իմաստով առաջացել է Անգլիայում, 7-11-րդ դարերում եկեղեցական կալվածքները բնորոշելիս։ Եկեղեցին աշխարհիկ իշխանությունից ստանում էր հող և անշարժ գույք։ Այդ անշարժ գույքից, հիմնականում հողից ու հողին կցված հողագործների աշխատանքից ստացված շահույթն օգտագործելու իրավունքը աշխարհիկ իշխանության կողմից շնորհվում էր եկեղեցուն, որպեսզի եկեղեցին այդ միջոցներով կարողանա հոգալ իր գոյության համար անհրաժեշտ ծախսերը։ Հետագայում կամ հենց զուգահեռաբար անգլիական եկեղեցիների շրջանակում են առաջանում առաջին այնպիսի դպրոցներն ու համալսարանները, որոնք իրենց գործունեության համար անհրաժեշտ էին համարում օգտագործել նույն իրավունքներով իրենց տրամադրության տակ եղած հողերն ու անշարժ գույքը։ Անգլերենով այս իրավունքը կարելի է արտահայտել հետևյալ կերպ the church has a land endowed with the rights to use it in accordance to its statute to cover the necessary… Այնուհետև նմանատիպ հողերին անդրադառնալիս տեղի է ունեցել իմաստի և ձևակերպման կրճատում և այս հողերը պարզապես անվանվել են endowed lands of the church կամ ուղղակի endowed lands, իսկ այնուհետև նույն իմաստը փոխանցվել է ֆինանսական ֆոնդերին և առաջացել է endowed funds արտահայտությունը։ Այսինքն այսօր մենք վայելում ենք endow, endowed, endowment բառերի ունեցած հենց այդ միջնադարյան իմաստը։ Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ «շնորհաֆոնդ» եզրույթը հայերենում լավագույն կերպով է նկարագրում endowment, endowed fund եզրույթների իմաստը։    

Ի՞նչ է շնորհաֆոնդը

Վերոնշյալ կառույցներն իրենց տիրապետման տակ ունենում են հատուկ ֆոնդեր, որոնց մայր գումարը դեպքերի մեծամասնությամբ անձեռնխելի է։ Հնարավոր է օգտագործել միայն այդ գումարից՝ տարիների ընթացքում առաջացած տոկոսը։ Շնորհաֆոնդերի տիրապետման ներքո գտնվում են նաև հող և անշարժ գույք, որոնք անօտարելի են և կարելի է միայն օգտագործել այդ գույքի վառձակալությունից առաջացած շահույթը։ Այս հոդվածում մենք հիմնականում կենտրոնանում ենք շնորհաֆոնդի ֆինանսական բաղկացուցիչի վրա։

Պարզ օրինակով նկարագրենք ինչպես է այն աշխատում։ Ենթադրենք հիվանդանոցն ունի 1 միլիարդ դրամի շնորհաֆոնդ։ Այս գումարը տեղադրված է բանկում առանձնացված հաշվեհամարի վրա՝ որպես ավանդ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով։ Այսինքն ամեն տարի 1 միլիարդ դրամը հիվանդանոցի համար կդառնա 80 միլիոն հավելյալ դրամի աղբյուր։ Այս գումարը հիվանդանոցը կարող է ծախսել համաձայն իր ռազմավարական պլանի, բյուջեի՝ խորհրդի իմացությամբ և որոշումներով։ 

Ավելի բարդ օրինակների դեպքում շնորհաֆոնդի գումարով ձեռք են բերվում պետական պարտատոմսեր, տարբեր ընկերությունների բաժնետոմսեր, ներդրումներ են կատարվում ստարտափներում և արդյուքնում վերևում նշված Սուրբ Ֆրանցիսկի դպրոցի օրինակով, շնորհաֆոնդը տիրապետող կառույցը կարող է իր ներդրումներով հազարապատիկ ավելի հավելյալ ֆինանսավորմամբ ապահովել իրեն։ 

Սովորաբար այս հավելյալ գումարով հիվանդանոցներն իրականացնում են անվճար վիրահատություններ, վճարում են խրախուսավճարներ, կամ հագեցնում են գիտատեխնիկական բազան։ Բազմաթիվ համալսարանների շնորհաֆոնդերի եկամուտներն օգտագործվում են կրթաթոշակներ, դրամաշնորհներ, ճանապարհորդելու գրանտեր տրամադրելու, գրադարանների համար նոր գրքեր ձեռք բերելու, պարգևավճարներ տալու և այլ անհրաժեշտ ծախսեր հոգալու համար։  

Շնորհաֆոնդերի հիմնական տեսակները

1․ Հավերժ անձեռնմխելի կամ իրական շնորհաֆոնդ - Permanently Restricted or True Endowment

Այս տիպի շնորհաֆոնդերում մայր գումարը պետք է հավերժ մնա անձեռնմխելի և միայն դրա տոկոսները պետք է օգտագործվեն։ Սովորաբար հավերժ անձեռնմխելի շնորհաֆոնդերի մայր գումարը տրամադրվում է որպես նվիրատվություն մարդկանց, կամ ընտանիքների կողմից՝ հատուկ նպատակով։ 

2․ Ժամանակավոր անձեռնմխելի շնորհաֆոնդ - Temporarily restricted endowment

Այս տիպի շնորհաֆոնդերում մայր գումարը պետք է մնա անձեռնմխելի որոշակի ժամանակ, որից հետո հնարավոր կլինի նաև ծախսել մայր գումարը կամ դրա մի մասը։ Նմանապես ժամանակավոր անձեռնմխելի շնորհաֆոնդերի մայր գումարը տրամադրվում է որպես նվիրատվություն մարդկանց, կամ ընտանիքների կողմից՝ հատուկ նպատակով և դրա սահմանափակ լինելու ժամանակահատվածը նշելով։ Օրինակ մի համալսարանի շրջանավարտներ կարող են համալսարանն ավարտելու տասնամյակի կապակցությամբ համալսարանի համար հավաքել մեծ գումար, տրամադրել այն համալսարանին որպես շնորհաֆոնդ՝ սահմանափակելով դրա մայր գումարի անձեռնմխելիությունը մինչև ասենք այդ բոլոր նվիրատուներից առաջինի բնական պատճառներով մահը։ Այս դեպքից հետո համալսարանը կարող է նաև տնօրինել մայր գումարը։ 

3․ Թվացյալ շնորհաֆոնդ - Quasi endowment

Այս շնորհաֆոնդերը ի մեծի մասամբ ստեղծվում են ոչ թե նվիրատվություններից առաջացած գումարներով, այլ հենց տվյալ կազմակերպությունն է իր ունեցած միջոցներով ստեղծում այն և դրա վրա խորհրդի որոշումներով դնում իր կանոնադրական նպատակներից ու ռազմավարական պլանից բխող սահմանափակումներ։ Օրինակ մարզային ըմբշամարտի դպրոցը հնարավոր է մի քանի տարիների ընթացքում կարողացել է բազմապատկել իր սաների թիվը։ Ըմբշամարտի դպրոցի խորհուրդը կարող է որոշել տարիների ընթացքում կուտակված և չծախսված վարձավճարների մի մասը 20 տարով տեղակայել որպես Թվացյալ շնորհաֆոնդ և դրա տոկոսներով հոգալ գյուղական բնակավայրերից ամենալավ տվյալներ ունեցող սաների ուսման և ճանապարհի ծախսը։ Այսինքն, այս տիպի շնորհաֆոնդը կոչվում է թվացյալ շնորհաֆոնդ, քանի որ իրականում այն արտաքին աղբյուրներից չի ձևավորվել, այլ կառույցն իր միջոցներով է այն ստեղծել, սակայն տվյալ նորաստեղծ ֆոնդը գործելու է շնորհաֆոնդի օրենքներով։ 

4․ Չսահմանափակված շնորհաֆոնդ - Unrestricted endowment

Այս տիպի շնորհաֆոնդերին հաճախ նույնացնում են Թվացյալ շնորհաֆոնդերի հետ, ինչը կարծում եմ տեղին չէ։ Չսահմանափակված շնորհաֆոնդն իրականում ստեղծվում է նվիրատուների կողմից փոքր գումարներով առանց նպատակի հայտարարման։ Օրինակ համալսարանը կարող է ունենալ իր կողմից տնօրինվող չսահմանափակված շնորհաֆոնդերից մեկը համալրելու նպատակով ստեղծված հաշվեհամար։ Տվյալ շնորհաֆոնդը կարող է լինել կամ հավերժ անձեռնխելի կամ ժամանակավոր անձեռնմխելի, սակայն նվիրատուները իրենց գումարները նվիրելիս չեն կարող նշել հատուկ նպատակ և այդ շնորհաֆոնդում կուտակված գումարների տոկոսները կարող են տնօրինվել ըստ համալսարանի խորհրդի որոշման՝ յուրաքանչյուր տարի տարբեր նպատակներով։ Հետևաբար չսահմանափակված շնորհաֆոնդ իրականում նշանակում է նպատակով չսահմանափակված շնորհաֆոնդ։ 

Շնորհաֆոնդի համալրման աղբյուրները

Շնորհաֆոնդերի համալրման հիմնական աղբյուրը նվիրատվություններն են: Ամերիկյան համալսարանների պարագայում շնորհաֆոնդերին տրամադրվող նվիրատվությունները կարող են լինել 1 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարը։

Օրինակ համալսարանը կարող է հավերժ անձեռնմխելի շնորհաֆոնդի պայմանով ստանալ նվիրատվություն ենթադրյալ Սթիվենսոն ընտանիքից՝ որևէ ամբիոնում նոր պրոֆեսորի հաստիք բացելու և այդ պրոֆեսորի աշխատավարձն ու այդ պրոֆեսորության (professorship) հետ կապված այլ ծախսերը հոգալու համար։ Սովորաբար ԱՄՆ շնորհաֆոնդերի շահութաբերությունը տարեկան 5 տոկոսի շրջանում է և մեկ պրոֆեսորի աշխատավարձն ու հավելյալ ծախսերն ապահովելու համար նվիրատվությունը պետք է լինել առնվազն 1 միլիոն դոլար, որի միջոցով համալսարանը կկարողանա ունենալ մոտ 50 հազար դոլար յուրաքանչյուր տարի, տվյալ պրոֆեսորությունը ապահովելու համար։ Հատկանշական է, որ Արիզոնայի համալսարանն ունի հատուկ «գնացուցակ» շնորհաֆոնդի նվիրատվությունների համար․ https://policy.fso.arizona.edu/fsm/800/813 Իսկ Հյուսիսային Ամերիկայում ամենահին շնորհաֆոնդային պրոֆեսորությունը Հոլիսի անվան աստվածաբանության պրոֆեսորությունն է Հարվարդի համալսարանում https://news.harvard.edu/gazette/story/2012/05/the-oldest-endowed-professorship/ 

Նմանատիպ շնորհաֆոնդային միջոցներով գործունեություն ծավալող պրոֆեսորություններ կան աշխարհի հազարավոր համալսարանների տասնյակ հազարավոր ամբիոններում։ 

Ավելին, ամբիոնը ֆինանսավորելու դեպքում ամբողջ ամբիոնը կարող է կրել ֆինանսավորողի անունը։ Շնորհաֆոնդին նվիրատվություն տրամադրողի անունը կարող է կրել ամբողջ ինստիտուտը, կամ գրադարանը՝ կախված տրամադրվող ֆինանսական աջակցությունից։ 

Շնորհաֆոնդ ունեցող կառույցները մեծ դժվարությամբ կկարողանան ձեռք բերել ֆինանսական անկախություն ու միայն ապավինել այդ ֆոնդին։ Սակայն ԱՄՆում առնվազն 10 համալսարան ամբողջությամբ ինքնաֆինասավորվող է և ուսանողների ստվար մեծամասնությունը կարողանում է այդ համալսարաններում սովորել ամբողջական կրթաթոշակով, որը տրամադրվում է շնորհաֆոնդի կողմից։ Նման՝ միայն բակալավրի կոչում շնորհող համալսարաններից մեկը ԱՄՆ Բերեա քոլեջն է, որն իր մոտ մեկ միլիարդ դոլարի հասնող շնորհաֆոնդով կարողանում է ապահովել իր 1000-ից ավելի ուսանողների և մոտ 150 դասախոսների, ինչպես նաև վարչական ծախսերը։ Իհարկե վճարով հիմունքներով կրթություն կրթոջախը նույնպես առաջարկում է։ https://www.businessinsider.com/how-kentuckys-berea-college-got-such-a-big-endowment-2015-3  

Ո՞վ է պատասխանատու շնորհաֆոնդի համալրման համար

Համալսարանների պարագայում ռեկտորն ու համալսարանի խորհրդի անդամներն առաջնային պատասխանատվություն են կրում շնորհաֆոնդի համալրման, իսկ եթե այդպիսին չկա, ապա ստեղծման համար։ Ռեկտորի հիմնական, առաջնային գործառույթը պետք է լինի համալսարանի ֆինանսական բարեկեցության և հարատևության ապահովումը և այդ գործում չորս հիմնական գործառույթներ կան․ 1. ընդունելության ընթացքի սահուն ապահովում՝ հնարավորության դեպքում ամեն հաջորդ տարի ընդունվող և վճարող ուսանողների թվի ավելացում և արդյունքում համալսարանի ֆինանսական հոսքերի մեծացում, 2. մեծ դրամաշնորհներին դիմելու և դրանք հաղթելու գործընթացի ապահովում, քանի որ համալսարանների ֆինանսական հոսքերի մեկ այլ գերակշիռ մաս հենց կառավարական կամ մասնավոր աղբյուրներից մրցութային հիմունքներով հատկացվող դրամաշնորհներն են, 3․ համալսարանի գիտական արդյունքերի առևտրայնացում 4. ֆոնդհայթայթման միջոցառումների կազմակերպում և համալսարանի տարբեր նշանակության ֆոնդերի համալրում։ Հենց այս չորրորդ գործառույթի մեջ է մտնում շնորհաֆոնդերի համալրման առաջնային պատասխանատվությունը և այս ուղղությամբ համալսարանի ռեկտորը և համալսարանի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ամեն օր։

Ռեկտորի աշխատանքային գրաֆիկը պետք է հագեցած լինի մեծահարուստների, համալսարանի նախկին շրջանավարտների հետ հանդիպումներով, որպեսզի այդ հանդիպումների ժամանակ ներկայացնի համալսարանի նպատակներն ու գործունեությունը և կարողանա դրանք իրականացնելու համար այս մարդկանցից կամ մարդկանց խմբերից ստանա շնորհաֆոնդային միջոցներ։ Բնականաբար մեծահարուստներին ռեկտորը պետք է հատուկ ներկայացնի, որ որոշակի գումար և դրանից ավելի հատկացնելու պարագայում, տվյալ կրթաթոշակը, պրոֆեսորությունը, կամ ամբիոնը կկոչվեն նրա անունով։

Շնորհաֆոնդերը Հայաստանում

Վերը թվարկված քայլերը, գործողություններն ու արդյունքները կարդալիս ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել թե այս ամենն ինչ որ հեքիաթային աշխարհից են։ Ոչ, ընդամենը եվրոպական կամ ամերիկյան բուհերի օրինակներն են սրանք։ Հայաստանում բնականաբար այս ամենը չի գործում և ԲՈՒՀերից միայն Հայաստանի Ամերիկյան համալսարանն է որ ունի շնորհաֆոնդ։ 

Հայաստանում, ոչ միայն բարձրագույն կրթության համակարգում այլ նաև այլ ոլորտներում որ կարող էին ունենալ շնորհաֆոնդ այս մշակույթն իսպառ բացակայում է։ Բացակայում է նաև այդ ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը, չնայած մի քանի անգամ այդ ուղղությամբ քայլեր ձեռնառկվել են։ 

Դեռևս 2014 թվականին պատգամավոր Թևան Պողոսյանը խորհրդարանում առաջարկել էր

Անձեռնմխելի Կապիտալով Հիմնադրամների Մասին օրենքի http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=7190&Reading=0 և սրա հետ կապված այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն http://www.parliament.am/register.php?do=draftlist&ID=6038։ 

2020 թվականի հունիսի 23-ին ԱԺմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքում տեղեկացրեց https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/988183754980088?__tn__=-R, որ մի քանի այլ պատգամավորների հետ համատեղ ներկայացրել են անձեռնմխելի դրամագլխով հիմնադրամների մասին օրենքի նոր նախագիծ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=58711&fbclid=IwAR1xRn2GuTW-d0aphiVOhIN6J1egT3f2Zl7uORLHOOZ0NDbRel7UaQrtKMQ 

Այս օրենքի նախագիծը, որը շնորհաֆոնդերի գործունեության համար անհրաժեշտ կետեր հաշվի չի առել և նաև ունի որոշ անտեղի սահմանափակումներ դեռ նույնիսկ չի ներկայացվել խորհրդարանի նիստերում։

Ի՞նչ անել

Իմ հաջորդ հոդվածներում շնորհաֆոնդերի հետ կապված բազմաթիվ առաջարկներ եմ դեռ ներկայացնելու, սակայն մեկ կամ երկու քայլեր իրականացնելու պարագայում շատ արագ կարելի է շնորհաֆոնդերի մշակույթ և միջավայր ստեղծել Հայաստանում և իրական առաջընթաց ապահովել մի շարք ոլորտներում։

Նախ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունել շմորհաֆոնդերը կարգավորող օրենքը։ Այն պետք է հաշվի առնի համաշխարհային լավագույն փորձն ու անմիջապես լրջագույն դեռ խաղա Հայաստանում շնորհաֆոնդերի հիմնադրման ու գործունեության հարցում։ Օրինակ անհրաժեշտ է որ օրենքը թույլ տա, որ շնորհաֆոնդերի գումարները հնարավոր լինի տեղակայել ոչ միայն պետական պարտատոմսերում և որպես բանկային ավանդ, այլ նաև հնարավոր լինի շնորհաֆոնդերի միջոցով ներդրումներ կատարել նորաստեղծ ընկերություններում՝ Հայաստանում և դրանից դուրս։

Անհրաժեշտ է տարբեր կառույցների ղեկավարների համար սահմանել հստակ աշխատանքային պարտականություն, այն է՝ ստեղծել շնորհաֆոնդեր և համալրել դրանք։ Օրինակ ԵՊՀ ռեկտորի թափուր հաստիքի մասին հայտարարությունում աշխատանքային պարտականությունների մասին խոսք չկա, նման մշակույթ չկա իրականում։ Որպես օրինակ կարող եք ուսումնասիրել հետևյալ հայտարարությունը․ https://armacad.info/yerevan-state-university-ysu--2020-02-12--eph-rektori-tapor-pashtoni-bac-mrcoyt-2020-t-erevan-hayastan 

Անհրաժեշտ է բոլոր կրթական, առողջապահական, սպորտային, մշակութային հաստատությունների խորհուրդների անդամների համար սահմանել հստակ պարտականություն, այն է՝ նպաստել կառույցի ֆոնդհայթայթման աշխատանքներին՝ սեփական ներդրումներով, կապերով, միջոցառումներ և հանդիպումներ կազմակերպելով։ Ցավոք մեր օրերում Հայաստանում խորհրդի անդամները հայտնվում են խորհուրդներում առանց որևէ նպատակի և իրենց գոյությամբ որևէ օգուտ չեն տալիս տվյալ կառույցին։ Կարելի է ֆոնդհայթայթման պահանջը նույնիսկ սահմանել որպես պարտադիր պարտականություն և յուրաքանչյուր խորհրդի անդամ ընտրվելուց հետո պարտավոր լինիկազմակերպել դրամահավաքներ, հանդիպել հնարավոր նվիրատուների հետ, մի խոսքով քայլեր ձեռնարկել և իր գործունեությամբ նպաստել, որ տվյալ կառույցի շնորհաֆոնդը համալրվի առաջին վեց ամսվա ընթացքում առնվազն 1 միլիոն դրամով, իսկ այնուհետև նույն խորհրդի անդամը պարտավոր լինի իր քայլերով հասնել այն բանին որ շնորհաֆոնդը համալրվի յուրաքանչյուր տարի 3 միլիոն դրամով։ Այն պահին երբ խորհրդի անդամը չի կարողանում սահմանված ժամկետում հասնել այս նշաձողերին նա անմիջապես հեռացվում է խորհրդի անդամի պաշտոնից։ 

Շնորհաֆոնդերի ստեղծման ու համալրման համար սրանք միգուցե այն նվազագույն քայլերն են, որ պետք է իրականացնել հրատապ։ 

Իմ հաջորդ հոդվածներում կներկայացնեմ յուրաքանչյուր քայլի մասին ավելի մանրամասն նկարագրություն այն հույսով որ պատկան կառույցներն ու մարմինները կուսումնասիրեն և քայլեր կձեռնարկեն այս հույժ կարևոր ֆինանսական մեխպանիզմը Հայաստանի Հանրապետությունում իրականություն դարձնելու համար։ 

Այլ Հրապարակումներ

22222222222222222222222222222

1111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 13, 2020

Article News 1

1111111111111111111111111111111111111111111111111111 1111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111 111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111111 11111111...

կարդալ ավելին

Tigran Petrosyan
Sep 08, 2020