Մեր Մասին

Ambion.am-ը հայոց լեզվով գիտության և կրթության վերաբերյալ նորությունների, վերլուծությունների, կարծիքների, ինչպես նաև գիտակրթական հայտարարությունների կայք է։

Մեր նպատակն է 

  • գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների և անմիջական շահառուների, տարբեր ոլորտների մասնագետների ու փորձագետների գրավոր շարադրանքները հրապարակելու միջոցով վեր հանել ոլորտի խնդիրներն ու խութերը և զուգահեռաբար առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք անմիջապես կիրառելի կլինեն գիտակրթական ոլորտի քաղաքականությունը մշակողների, հաստատությունների և գերատեսչությունների կողմից։ 

  • հասնել այն գիտակրթական միջավայրին, երբ ոլորտի ղեկավարները՝ նախարարներ, ռեկտորներ, քոլեջների և դպրոցների տնօրեններ, այլ օղակներ ու ստորաբաժանումներ գլխավորողները պարտավորված կըզգան և կկարողանան հանրության հետ կիսվել իրենց տեսակետներով, կարծիքներով ու վերլուծություններով, կկիսվեն իրենց անձնական երազանքներով ու գերատեսչական ռազմավարություններով՝ հայոց լեզվով՝ պարզ, ընթեռնելի ու հասկանալի գրավոր հայերեն շարադրանքով։  

  • հանրության շրջանում ավելացնել հետաքրքրությունը գիտության ու գիտականի նկատմամբ` ներկայացնելով գիտահանրամատչելի նյութեր։

  • դառնալու սեփական գիտական գործունեության մասին հանրությանը տեղեկացնելու հարթակ բոլոր գիտնականների համար։

Կայքի նորությունների բաժնում ներկայացվելու են լուրեր այն մասին, թե ովքեր ու երբ Հայաստանից մասնակցեցին գիտաժողովների, ի՞նչ գիտաժողովներ էին դրանք, ի՞նչ համաժողովներ և ինչու՞ կազմակերպվեցին Հայաստանում, ո՞ր գիտնականը դարձավ ամբիոնի վարիչ, իսկ որ ուսուցիչը՝ տնօրեն։ Մենք փորձելու ենք լուսաբանել մանկավարժների, դասախոսների, գիտնականների, գերատեսչությունների ու հաստատությունների գործունեությունը և փորձելու ենք բացատրել թե ինչու՞ է լինում մի բան, սակայն տեղի չի ունենում մեկ այլ բան։ 

Ambion.am կայքում կտեղադրվեն նաև գիտակրթական հնարավորությունների մասին հայտարարություններ։

Կայքն ունենալու է մի շարք բաժիններ։ Մեկնարկային ժամանակահատվածում կայքում լինելու են նորությունների, վերլուծությունների, հայտարարությունների և գիտահանրամատչելի նորությունների բաժիններ։

Կայքի վերոնշյալ բաժանման շրջանակներում անդրադառնալու ենք գիտության և կրթության հիմնահարցերին՝ ըստ ոլորտների ներքոշարադրյալ դասակարգմամբ․

Գիտություն

Ճշգրիտ գիտություններ
Հասարակագիտություն
Կիրառական ուղղություններ

Կրթություն

Նախակրթարաններ 
Հանրակրթություն
Միջին մասնագիտական
Բարձրագույն կրթություն
Հետբուհական

Ambion.am կայքը գործում է ԱՐՄԱԿԱԴ ՍՊԸ շրջանակներում։

Նմանատիպ լրատվական, վերլուծական կայք ստեղծելու նպատակներ կային 2006 թվականին։ armacad.org այնուհետև armacad.info կայքը ստեղծվել էր 2007 թվականին գիտակրթական հայտարարություններ շրջանառելու նպատակով։ armacad.info կայքի շրջանակներում տեղադրվում էին նաև գիտակրթական նորություններ։ Օրինակ ԱՐՄԱԿԱԴի ընթերցողները տեղեկանում էին, որ Հայաստանից մի գիտնական մասնակցել է գիտաժողովի և ելույթ ունեցել, մեկ այլ գիտնական գիտական միջազգային պարբերականում հոդված է տպագրել իսկ մի ուսուցիչ արժանացել է միջազգային մրցանակի։ Ներկայացվում էին նաև նյութեր այն մասին, թե ինչ է գիտական պարբերականի ազդեցության գործակիցը, ինչու է պետք ավելացնել գիտության ֆինանսավորումը, ինչպես կրթությունը շարունակել առցանց և ո՞ր կրթաթոշակին դիմել հենց հիմա։ Մի քանի երիտասարդ գիտնականներ ներկայացնում էին իրենց գիտական հետազոտությունների արդյունքներն այն մասին թե ինչպես է հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել նոր դամբարան, ինչպես են մի շարք մոլեկուլներ փոխազդում տարբեր դեղամիջոցների հետ, որոնք են տարբեր լեզուների բարբառների առանձնահատկությունները և այլն։ Ցավոք նմանատիպ նյութեր պարբերաբար ներկայացնելու ցանկությունը մնացած անավարտ, իսկ արդեն ներկայացված նյութերը մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով նույնիսկ ոչնչացան։

Այժմ նույն ԱՐՄԱԿԱԴի հնարավորություններն օգտագործելով սակայն ambion.am հարթակում փորձ է քրվելու գիտությունն ու կրթությունն ավելի լուսաբանված ու առավել հանրամատչելի ներկայացնել։ 

Ambion.am կայքի տեխնիկական աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերի 1-ին և կայքի ամենանախնական տարբերակը, դեռ բազմաթիվ անավարտ տարրերով արդեն այդ օրից հասանելի էր առցանց։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում շտկվել են թերություններն ինչպես նաև կայքը հագեցել է բովանդակությամբ։ Մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը կայքն արդեն լի կլինի բազմաթիվ հետաքրքիր նյութերով և կունենա ավելի ներկայանալի տեխնիկական հագեցվածություն։